ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Սիլվիո Բեռլուսկոնի. Ես պնդում եմ, որ ինձ պատիվս վերադարձնեն

Սիլվիո Բեռլուսկոնի. Ես պնդում եմ, որ ինձ պատիվս վերադարձնեն
12.05.2017 | 11:39

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մեծ հարցազրույց է տվել իտալական Panorama շաբաթաթերթին, որ զրույցից հատվածներ է հրապարակել իր կայքում: Անդրադառնալով ՄԻԵԴ-ի Մեծ պալատի որոշմանը, որ պետք է վերաբերի սենատորի նրա մանդատի կասեցման օրինականությանը 2013-ին, Բեռլուսկոնին ընդգծում է, որ, անկախ որոշումից, ինքը «կգլխավորի «Առաջ, Իտալիա» կուսակցության ընտրարշավը»՝ իր դեմքով, իր խոսքով, իր գաղափարներով:

«Իրական խաղադրույքը՝ դա կարևոր բարոյական ու քաղաքական հարց է: Ես պնդում եմ, որ ինձ պատիվս վերադարձնեն, որ արատավորել են անհեթեթ դատավճռով (Բեռլուսկոնին դատապարտվել է հարկերից խուսափելու համար): Ես եղել և մնում եմ օրինավոր մարդ, ազնիվ հարկատու և իրավունք ունեմ պահանջել, որ իմ ազնվությունը ընդունվի եթե ոչ Իտալիայում, գոնե Եվրոպայում, որտեղ դատավորները ոչ մեկից հրամաններ չեն ստանում»: Աջ կենտրոնամետ կուսակցության ղեկավարը նշում է, որ շատ ծանր փաստ կլիներ, եթե մինչև Իտալիայում ընտրությունները ՄԻԵԴ-ը իրավիճակը չպարզի: «Ոչ միայն ինձ համար, այլև իտալական ժողովրդավարության»՝ ասում է Բեռլուսկոնին: Ընդգծելով, որ խորհրդարանական ընտրությունները պետք է նշանակել որքան հնարավոր է շուտ, նախկին վարչապետը բացատրել է. «Մենք պետք է ընտրողներին հնարավորություն տանք ընտրել նրանց, ովքեր պիտի նրանց կառավարեն՝ երկիրը չդատապարտելով անկառավարելիության՝ իբրև ընտրությունների մասին օրենքի հակասությունների հետևանք» (խորհրդարանը մշակում է Ընտրական օրենսգրքի հերթական բարեփոխումը՝ երբ գործող օրենքի մի քանի նորմեր Իտալիայի Սահմանադրական դատարանը ճանաչեց Սահմանադրությանը չհամապատասխանող 2017-ի հունվարի 25-ին): Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ համաձայնություն գոյություն չունի իր «Առաջ, Իտալիա» կուսակցության և նախկին վարչապետ Մատեո Ռենցիի դեմոկրատական կուսակցության միջև՝ պաշտպանվելու համար Բեպե Գրիլոյի «5 աստղերի շարժումից»:

«Մենք նպատակադրված ենք հաղթել մեր գաղափարներով ու մեր նախագծերով: Եթե կուսակցությունները երևակայեն, որ հնարավոր է Գրիլոյի ճանապարհը խոչընդոտել իշխանական համաձայնագրերով, նրանք միանգամայն սխալ ուղի կընտրեն: Որքան էլ առեղծվածային հնչի, դա կդառնա լավագույն նվերը Գրիլոյին, հաստատումը, որ նրա ֆանտազիաները, հաճախ էլ զառանցանքները թեկուզ նվազագույն հիմքեր ունեն»:
Աջկենտրոնամետ ուժերի ներքին հարաբերությունների մասին, Ֆրանսիայի ընտրությունների արդյունքները հիշելով, Բեռլուսկոնին ասել է. «Այս պատմությունը շատ ուսանելի է և Իտալիայի աջկենտրոնամետների համար»: «Ես կրկնում եմ՝ Մատեո Սալվինին («Հյուսիսի լիգայի» ղեկավարը) և Ջորջի Մելոնին («Իտալիայի եղբայրներ» աջ կուսակցության ղեկավարը) պիտի հասկանան՝ ինչ ես 1994-ից կանխատեսում եմ՝ ինչպես անցյալի, այնպես էլ վերջին շրջանի պատմությունը սովորեցնում է, որ միայն միավորվելով, աջկենտրոնամետ ուժերը հաղթանակի շանս ունեն: Բաժանումն ու տրոհումները պարտության են տանում: Միշտ»:
«Իմ ժամանակ Գրիլո չկար: Անկասկած՝ իմ դեպքում նա այդքան չէր աճի: Բայց հիմա պետք է լուծել միլիոնավոր ձայների խնդիրը, որ ստանում է այդքան անկանխատեսելի ու վտանգավոր քաղաքական ուժը, ինչպես «5 աստղերի շարժումը»: Մթնոլորտը լավը չէ: Իտալացիների կեսը քվեարկության չի գնում: Գրիլոյին ձայն տվողներն արտահայտում են, թեկուզ իռացիոնալ, բայց իստեբլիշմենտի դեմ բողոք, նշանակում է՝ փոփոխությունների ցանկություն: Ովքեր չեն քվեարկում, պարզապես հաշտվել են»: Բեռլուսկոնիի կարծիքով՝ Գրիլոյին հնարավոր է հաղթել «կյանք տալով որակյալ քաղաքական առաջարկի, որ վստահվում է վստահության արժանի մարդկանց: Գրիլոյին խփելու համար պետք է նրան որսալ սեփական հակասությունների, մարտավարական հուսահատ հնարքների վրա: Ինչպես բոլոր նրանք, որ չունեն ոչ մի սեփական, արմատացած գաղափար, նա կարող է հեշտությամբ հարել ամենահակասական դիրքորոշումների,- կարծում է Բեռլուսկոնին:- Օրինակ՝ նա կարող է փորձել երկխոսության մեջ մտնել կաթոլիկ աշխարհի հետ՝ չհրաժարվելով իր լեզվից, որ կազմված է ատելությունից, չարացածությունից, մեղավորներին մատնացուցելուց, բառային տագնապալի բռնությունից: Իսկ Ֆրանցիսկոս պապի եկեղեցու խորհրդանիշը ներումն է, կարեկցանքը, գթասրտությունը: Ինձ դա իսկապես աբսուրդ է թվում»:
Panorama


Հ.Գ. Որևէ մեկը կասկածո՞ւմ էր, որ Սիլվիո Բեռլուսկոնին քաղաքականություն կվերադառնա: Իր վերադարձի մասին է հայտարարել նաև Մատեո Ռենցին: Նախկին կատակերգակ դերասան Բեպե Գրիլոյին շատ հեշտ է ձայն տալը՝ նա մեղադրում է, հայհոյում ու ասում, որ բոլորը սխալ են, Գրիլոն ասում է՝ ինչ ուզում են լսել դժգոհները, կյանքից նեղացածներն ու արկածախնդիրները, նա ճիշտ այնպիսին է, ինչպես միջին վիճակագրական որևէ ընտրող, որ պատասխանատու չէ իր ընտրության համար: Որ հոգնել է պաշտոնական քաղաքականությունից, որից իր կյանքը ի փոխվում: Որ տխուր է, ու ուզում է՝ իրեն զվարճացնեն: Որ կարող է ավելի լավ ապրել, քան ապրում է, որ աշխատանք է ուզում ու բարեկեցիկ կյանք: Բեպե Գրիլոն ու իր շարժումը պարբերաբար հասարակության մեջ արթնացող բողոքի ու ագրեսիայի ձայնն են, որ տարբեր անուններ են փոխում, բայց էությունը նույնն է, երբ իշխանությունները չեն կարողանում ապահովել կենսամակարդակի կայուն աճ, երբ գաղափարների ճգնաժամ է: Երբ չկան առաջնորդներ: Իսկ դա միայն Իտալիայի խնդիրը չէ: Ֆրանսիան գտավ Մակրոնին, որ ընդամենը մեկ տարի առաջ էր իր շարժումը ստեղծել՝ «Առաջ, Ֆրանսիա» անունով, Իտալիան դեռ հույսը դնում է ավանդական ուժերի վրա, իսկ Բեպե Գրիլոն նրա համար փրկություն չէ, զբաղմունք է: Բայց ոչ ոք չի կարող ասել՝ իր մեծամասնության մեջ իտալացին կընտրի փրկությո՞ւնը, որին չի հավատում, թե՞ զբաղմունքը, որ լցնում է գաղափարների պարապը: Թե՞ կմնա տանը ու ֆուտբոլ կնայի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ